Պահանջը վերաբերում է բաց տարածքներում ուղղակի դիմակ ունենալուն, ոչ թե կրելուն. արդարադատության փոխնախարար

26

«Պատասխանատվության կիրառման համար լիազոր մարմինը ոստիկանությունն է, և ոստիկանությունը վարչական վարույթ է իրականացնում: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հարցին, թե ինչպես է կատարվելու վարչական արձանագրություն կազմելու գործընթացը:

«Շատ կարևոր է այն, թե անձը կոնկրետ պահին ունի՞ անձը հաստատող փաստաթուղթ, թե ոչ: Եթե ունի, ապա արձանագրությունը կարող է տեղում կազմվել, իսկ եթե ոչ, ապա, երբ որ արդեն կնույնականացվի, կունենա անձը հաստատող փաստաթուղթ, այդ դեպքում կկազմվի արձանագրությունը»,-ասաց նա:

Վահե Դանիելյանն ասաց, որ իրենց առաջին մտահոգությունը քաղաքացիների առողջությունն է, դրա համար պահանջը սահմանվել է դիմակի մասով, ոչ թե անձը հաստատող փաստաթուղթ ունենալու, որ ենթարկվի պատասխանատվության: «Բայց կարծում եմ, որ այս քննարկումներն անձանց տեղեկացնում են, որ անհրաժեշտություն կա անձը հաստատող փաստաթուղթ ունենալ, եթե անձը դիմակ չունի: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ավելի հնարավոր է ապահովել դիմակի առկայության պահանջը մեր քաղաքացիների համար, քան դրա բացակայության դեպքում ապահովել անձը հաստատող փաստաթուղթ, որ անձինք ենթարկվեն պատասխանատվության և խնդիրներ չստեղծեն նաև ոստիկանության համար»,-ասաց նա:

Փոխնախարարը նաև վերահաստատեց, որ ինքնաշեն դիմակները ևս թույլատրելի են: «Դիմակի պահանջը վերաբերում է բաց տարածքներում ուղղակի ուենանալուն, ոչ թե կրելուն, քանի որ երբ փակ տարածք մտնի անձը, ունենա այդ դիմակը»,-վերահաստատեց փոխնախարարը:

Загрузка...