Երեխա ունեցող ընտանիքների համար մարզերում բնակարանի ձեռք բերման ծրագիրը մանրամասնում է նախարարությունը

33

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության առաջին ծրագրի շրջանակներում միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի մարզային բնակավայրերում հիպոտեքային վարկով բնակարան ձեռք բերող քաղաքացիներին: Պետական աջակցությունը կուղղվի բնակարանի կանխավճարի ֆինանսավորմանը։

Աջակցության համար կարող են դիմել այն քաղաքացիները, որոնք ունեն երկու և ավելի անչափահաս երեխա, իսկ բնակելի անշարժ գույքը ձեռք կբերեն 2020թ.-ի հուլիսի 1-ին կամ դրանից հետո: 

Երկու երեխա ունենալու դեպքում անշարժ գույքի առավելագույն գինը 30 մլն դրամն է, որը կավելանա ընտանիքում առկա յուրաքանչյուր հաջորդ երեխայի հաշվով՝ ևս 5-ական մլն դրամով:

Քաղաքացու կողմից կատարվող կանխավճարի նվազագույն չափը երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակարանի արժեքի առնվազն 10%-ն է, առաջնային շուկայից ձեռք բերվող գույքի դեպքում՝ արժեքի առնվազն 7,5%-ը:

Մարզային բնակավայրերում ձեռք բերվող բնակարանի դեպքում պետության կողմից միանվագ դրամական աջակցության չափը կկազմի ձեռք բերվող բնակարանի արժեքի 5%-ի չափ, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը: Յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում աջակցության չափը կավելանա բնակարանի արժեքի ևս 5%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 500.000 դրամը։ Միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կկազմի 2 մլն դրամ։

Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարին, ապա միանվագ դրամական աջակցությունն ավելանում է 30%-ով: Այս դեպքում միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կկազմի 2,6 մլն դրամ։

Հիպոտեքային վարկի գործողության ընթացքում բնակարանը օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման։

Քաղաքացին՝ որպես շահառու, միանվագ դրամական աջակցության ծրագրից կարող է օգտվել միայն մեկ անգամ։

Նշենք, որ 2020թ.-ի պետական բյուջեով նպատակային այս ծրագրերի համար արդեն նախատեսվել է դրամական աջակցություն 245 շահառուի համար:

Ուշադրություն. Ծրագիրը մեկնարկում է 2020թ.-ի հուլիսի 1-ից: Ծրագրի շրջանակներում աջակցություն ստանալու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն դիմել պետք չէ: Քաղաքացին պետք է դիմի այն բանկ կամ վարկային կազմակերպություն, որից պատրաստվում է հիպոտեքային վարկ վերցնել:

Загрузка...