Գյուղացիական տնտեսություններին անտոկոս վարկ կտրամադրվի՝ սպանդանոցներ կառուցելու համար

23

Գյուղացիական տնտեսություններին կառավարության կողմից տրամադրվող անտոկոս վարկերից այսուհետ կկարողանան օգտվել նաեւ սպանդանոցները: Նման որոշում կայացվեց ՀՀ Կառավարության այսօրվա նիստում։

Փոփոխություն կատարվեց 2019թ.-ին ընդունված «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում», եւ «հումք» հասկացության մեջ այսուհետ կընկալվի նաեւ մթերվող անասունը:

Հարցը զեկուցող էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ աջակցության չափը կապված կլինի սպանդանոցի հզորությունից: Նա նշեց, որ վարկը տրամադրվում է 0 տոկոսով, մեկուկես տարով։

«Մենք ունենք մի քանի տիպային կառույցների նախագծեր, որոնց համադրումից պարզ է դառնում, որ մեկ խոշոր եղջերավոր կենդանու սպանդ կազմակերպելու համար անհրաժեշտ եւ բավարար է շուրջ 15 քմ-ը: Մենք առաջարկել ենք վարկային սահմանաչափը կապել այդ մեծության հետ, եւ յուրաքանչյուր 15 քմ-ի հաշվարկով սահմանել 2 մլն դրամ: Այս գումարը բավարար է՝ 7 oր ամբողջ հզորությամբ աշխատելու համար»,- ասաց նախարարը:  

Նրա խոսքով՝ գումարը նախատեսվում է անասուն գնելու պահին գյուղացուն դրա ամբողջ արժեքը տեղում վճարելու համար, որպեսզի գյուղացին ստիպված չլինի սպասել մինչեւ իր կենդանու միսը կհասնի շուկա կվաճառվի, եւ միայն դրանից հետո իրեն կվճարեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ թեեւ վարկավորման իրական շահառունները սպանդանոցներն են, բայց այդ առաջարկից կօգտվեն նաեւ գյուղացիները:

Վարչապետը նաեւ հետաքրքրվեց, թե ինչ ընթացքի մեջ են սպանդանոցների կառուցման աշխատանքները. «Ես էն օրը տեղեկանք ստացա, որ այս պահին 88 սպանդանոց է կառուցվում, որը կբավարարի մեր ամբողջ պահանջարկը»։

Էկոնոմիկայի նախարարը հաստատեց վարչապետի տեղեկությունը՝ նշելով, որ կորոնավիրուսի պատճառով որոշ չափով դանդաղել էր դրանց կառուցման ընթացքը:

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն էլ իր հերթին ասաց, որ ներկա պահին Հայաստանում գործում է 44 սպանդանոց, որոնցից գյուղացիական տնտեսություններին ու անհատներին ծառայություններ են մատուցում 19-ը, քանի որ մյուսները խոշոր անասնապահական ֆերմաներին կից սպանդանոցներն են, որոնք աշխատում են միայն իրենց կարիքների համար եւ դրսից պատվերներ չեն ընդունում:

Загрузка...