«Այսօրվանից չեղարկում ենք արտակարգ դրությունը, սակայն դա չի նշանակում, որ համավարակը հաղթահարված է». Վրաստանի վարչապետ

20

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան մայիսի 22-ին միջկառավարական համակարգող խորհրդի նիստում տեղեկացրել է, որ այսօրվանից երկրում չեղարկվում է կորոնավիրուսի պատճառով սահմանված արտակարգ դրությունը: Այս մասին տեղեկացնում է kvira.ge կայքը:

Վրաստանի վարչապետը հիշեցրել է, որ համակարգող խորհուրդը ստեղծվել է այս տարվա հունվարի 28-ին, երբ Վրաստանում դեռևս չէր գրանցվել կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք:

«Երկրում վարակման դեպք գրանցվել է միայն դրանից մեկ ամիս հետո: Այսօր մենք պաշտոնական քայլ ենք կատարում` չեղարկելով արտակարգ դրությունը, սակայն դա չի նշանակում, որ երկրում ամեն ինչ լավ է և համավարակը հաղթահարված է: Համավարակը չի հաղթահարվել ո՛չ Վրաստանում, ո՛չ աշխարհում»,-նշել է Վրաստանի վարչապետը:

Գախարիան ընդգծել է, որ կառավարությունը պայքարում է երկու ուղղությամբ` մարդկանց առողջության և տնտեսության վերականգնման:

«Մենք միշտ ասել ենք, որ այս իրավիճակում մենք աշխատում ենք երկու ուղղությամբ: Իհարկե, առաջնայինը մնում է մարդկանց կյանքն ու առողջությունը, հետո` մեր տնտեսության վերականգնումը, որի ուղղությամբ այսօր մենք կատարում ենք առաջին քայլը»,-եզրափակել է իր խոսքը վարչապետը:

Վրաստանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 723 և մահվան 12 դեպք:

Загрузка...