Կառավարության ծրագրի ու կառուցվածքի միջև առկա է ինստիտուցիոնալ խզվածություն

20



Կառավարության ծրագրի ու կառուցվածքի միջև առկա է ինստիտուցիոնալ խզվածություն

Արդյունավետ կառավարման կարևոր նախապայմաններ են կառավարության ռացիոնալ ծրագիրն ու կառուցվածքը։ Ընդ որում՝ դրանք փոխկապակցված են ու պետք է հաստատվեն մեկ միասնական տրամաբանության համատեքստում։ 2019-ի խորհրդարանական ընտրություններից հետո, ցավոք, այս տրամաբանությունը չի գործել՝ իր տեղը զիջելով քաղաքական նպատակահարմարությանն, ինչի պտուղները քաղում ենք հատկապես այսօրվա ֆորս-մաժորային իրավիճակներում։
Կառավարության ծրագիրը մեծ վերապահումներով կարող ենք համարել այն դասական փաստաթուղթը, որտեղ արտացոլված է կառավարող թիմի զարգացման տեսլականը։ Գործող կաբինետի ծրագիրը բարի ցանկությունների մի համախումբ է, գրեթե չկան թվեր, մոտիվացված հաշվարկներ, ռիսկերի գնահատումներ ու դրանց չեզոքացման մեխանիզմներ, այսինքն՝ չափելիության բաղադրիչն իսպառ բացակայում է ու ընտրողների համար հաջորդ խորհրդարանական ընտրություններից առաջ շատ դժվար է լինելու գնահատել կառավարության գործունեության արդյունավետությունը գլոբալ առումով և տարբեր ոլորտներում։
Սակայն՝ եթե անգամ ընդունենք, որ կառավարության ծրագիրը մոտ է իդեալականին, ապա դրանում առնվազն առկա է խզում կառավարության կառուցվածքի հետ։
Օրինակ, կառավարության ծրագրային առաջնահերթություններ են մատնանշված գյուղատնտեսությունը, էներգետիկան, ՏՏ ոլորտը ու հենց միանգամից տեսանելի է դառնում այն հանգամանքը, որ կառավարության կառուցվածքում բացակայում են գյուղատնտեսության ու էներգետիկայի նախարարությունները․ այս ոլորտները տարալուծված են այլ սուպերնախարարությունների բազմաֆունկցիոնալության մեջ՝ կորցնելով իրենց առաջնահերթությունը։
Օպտիմալացման մասին խոսակցությունները միայն քմծիծաղ կարող են առաջացնել, որովհետև անգամ պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ կառավարության կառուցվածքում հաստիքներ գրեթե չեն կրճատվել կամ օպտիմալացումը վերաբերել է միայն ստորին օղակների մասնագետ-ծառայողներին։ Դժվար չէ ենթադրել, որ կառավարության կառուցվածքի հիմքում դրվել է զարգացմանը հակադրվող սկզբունք․ քաղաքական թիմի կոնկրետ դեմքերի տակ ստեղծվել են սուպերնախարարություններ։ Այստեղ էլ պարզ է դառնում, որ իրականություն չի դարձել գործող իշխանության մեկ այլ խոստում, թե իբրև իրենք հրաժարվում են քաղաքական հովանավորչությունից, «խնամի-ծանոթ բարեկամ» արատավոր սկզբունքից։
Կառավարության ծրագրի ու կառուցվածքի միջև առկա է ինստիտուցիոնալ խզվածություն, ինչը հետևանք է նրա, որ հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի չեն ունեցել համակարգային ինստիտուցիոնալ բարեփոխումներ։ Սա թերևս մեր հաջորդ զրույցի թեման է։

Կառավարության ծրագրի ու կառուցվածքի միջև առկա է ինստիտուցիոնալ խզվածություն Արդյունավետ կառավարման կարևոր…

Geplaatst door Hrachya Rostomyan op Vrijdag 22 mei 2020



Загрузка...