Ուժեղ քամու հետեւանքով Լեռնանցքում վնասվել են դպրոցի ու բնակիչների տների տանիքները. ապակիներ են կոտրվել (լուսանկարներ)

14

Լոռու մարզում երեկ երեկոյան սկսված ուժեղ քամին վնասներ է հասցրել մարզի տարբեր համայնքներին: Առավել շատ տուժել է Սպիտակի տարածաշրջանի Լեռնանցք գյուղի միջնակարգ դպրոցը: Քամին պոկել-տարել է դպրոցի մասնաշենքերից մեկի մոտ 500 քմ մակերեսով տանիքը, մյուս մասնաշենքերի տանիքները եւս վնասվել են: Բացի դպրոցի տանիքը, քամին վնասել են նաեւ գյուղի բանակիչների տանիքները, կոտրել ապակիներ, տապալել ծառեր ու էլեկտրական հոսանքի հենասյուներ:

Ահազանգն ստանալուն պես անմիջապես դեպքի վայր են ժամանել մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը: Դեպքի վայր է մեկնել նաեւ մարզային վարչության պետը:

Տանիքից պոկված թիթեղներն ու կառուցատարերը քամին հեռացրել է դպրոցից մի քանի  հարյուր մետր: Բարեբախտաբար՝ մարդկային վնասներ գյուղում չեն գրանցվել:

Լեռնանցքի գյուղապետ Լեւիկ Աբգարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ թեպետ բնակիչներին որոշակի աջակցություն կցուցաբերվի, սակայն դպրոցի տանիքի խնդիրը համայնքային միջոցներով լուծել հնարավոր չի լինի: Առավոտյան արդեն հանձնաժողով կկազմվի, կգան, տեղում կուսումնասիրեն ստեղծված իրավիճակը, կարձանագրեն ու կներկայացնեն համապատասխան մարմիններին:

Լեռնանցքի միջնակարգ դպրոցը 162 աշակերտ ունի: Տնօրենի փոխանցմամբ՝ տանիքը ամբողջությամբ հիմնանորոգվել էր 2004 թ-ին: Տնօրենն ասաց՝ տանիքը օր առաջ պետք է նորոգվի, հակառակ դեպքում, տեղումների հետեւանքով անձրրեւաջրերը կլցվեն դպրոցի մեջ՝ վնասելով նաեւ գույքն ու տեխնիկան:

Փրկարարները հեռացրել են վտանգավոր թիթեղները, սահմանազատել տարածքը:

Загрузка...