Սկսվում է Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2-րդ հատվածը. նոր ձեւաչափի առաջին փորձարկումը կորոնավիրուսի պայմաններում

53

Մի քանի օրից կմեկնարկի Հայաստանի ֆուտբոլի Բարձագույն խմբի 2019-20 մրցաշրջանի առաջնության 2-րդ հատվածը: Թիմերն առաջին անգամ նոր ձեւաչափով կսկսեն մեդալների համար պայքարը, եւ դա տեղի կունենա կորոնավիրուսի պայմաններում: Ինչպես հայտնի է, ըստ ընթացիկ մրցաշրջանից առաջ ներմուծված կանոնների, առաջին 6 թիմերը, 2 շրջան խաղալով, պայքարելու են մրցանակային տեղերի համար, մյուսները նույնպես խաղալու են 2 շրջանով: 4 հետնապահներն ի սկզբանե պետք է որոշեին ամենաթույլին, որը լքելու էր Բարձրագույն խումբը, սակայն այդ թիմն արդեն հայտնի է. «Երեւանն» է, որը դուրս է եկել մրցաշարից:

Առաջին հատվածի վերջին՝ 18-րդ, տուրից առաջ արդեն պարզ էր՝ որոնք են առաջին 6 եւ մնացած թիմերը: 18-րդ մրցափուլը, որն սկսվեց անցած հանգստյան օրերին, վերջնական տեսքի բերեց մրցաշարային աղյուսակը: Մարզային դերբիում «Լոռին» հյուրընկալվելիս հաղթեց «Շիրակին» (2:1), չեմպիոն «Արարատ-Արմենիան»՝ փոխչեմպիոն «Փյունիկին» (3:0), «Նոան»՝ «Ալաշկերտին» (1:0), «Արարատն» էլ՝ «Ուրարտուին» (1:0): Մրցաշարային աղյուսակն այս արդյունքներից հետո այսպիսին է.

1.«Արարատ-Արմենիա» -36 միավոր

2.«Լոռի» – 32 միավոր

3.«Ալաշկերտ» – 31 միավոր

4.«Արարատ» -31 միավոր

5.«Նոա» – 30 միավոր

6.«Շիրակ» – 28 միավոր

7.«Փյունիկ» – 23 միավոր

8.«Ուրարտու» – 23 միավոր

9.«Գանձասար-Կապան» – 18 միավոր

10.«Երեւան» – 0 միավոր

Ինչպես երեւում է, առաջին 6 թիմերը միավորների մեծ խտությամբ են դասավորված: Գործող չեմպիոնը, իհարկե, մի փոքր ավելի շատ է առաջ «պոկվել», բայց դա մեծ առավելություն չէ, թիմը չի կարող իրեն ապահով զգալ, ու սա մրցաշարին ինտրիգ կհաղորդի: Նույնը հնարավոր կլիներ ասել նաեւ հետնապահների պայքարի մասին, եթե «Երեւանը» լիներ ու գոնե մի 14-15 միավոր ունենար:

Ամեն դեպքում մեդալների համար թեժ պայքար կընթանա, սակայն դեռ պարզ չէ՝ դրա որքան մասը երկրպագուները մարզադաշտոմ տեսնելու հնարավորություն կունենա: Կորոնավիրուսի պայմաններում առաջին տուրում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նրանց ներկայությունն արգելել էր: Սա ֆուտբոլասերներին այքան էլ դուր չի եկել: Նրանք, ինչպես երեւում է, կորոնավիրուսի պատճառով մոտ 2 ամիս առանց ֆուտբոլի մնալով կարոտել էին սիրելի մարզաձեւը: Դա նկատելի է նաեւ ՀՖՖ-ի յութուբյան ուղիղ եթերի դիտումներից: Եթե, օրինակ, մարտի սկզբին կայացած 17-րդ տուրի «Արարատ» – «Լոռի» խաղն ունեցել է 7 հազար 4 հարյուրից քիչ ավելի դիտում, ապա 18-րդ տուրի 4 խաղերից 3-ն ունեցել են 11 հազարից ավելի եւ եւս մեկ խաղ՝ «Արարատ» – «Ուրարտու» հանդիպումը, 19 հազարից ավելի դիտում: «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» խաղից հետո էլ սոցցաներում լուսանկար է տարածվել, որտեղ չեմպիոնի երկրպագուների «Ալֆա» ֆան ակումբը պաստառ է ցուցադրում: Դրա վրա գրված է. «Ֆուտբոլն առանց երկրպագուների ոչինչ է»:

Պաստառի վրա գրված է. «Ֆուտբոլն առանց երկրպագուների ոչինչ է»:

Ավելի վաղ երկրպագուների մասով ՀՖՖ-ն հայտնել էր, որ վերսկսումից հետո Բարձրագույն խմբի առաջնության առաջին տուրը կայանալու է առանց նրանց, իսկ հետագա տուրերի վերաբերյալ նոր որոշումներ կկայացվեն: Նշվում էր, որ այդպես է լինելու նաեւ Առաջին խմբի առաջնության դեպքում, որը վերսկսվում է հունիսի 30-ին՝ նույն օրը, ինչ Բարձրագույն խմբի 19-րդ տուրը: Ըստ տեղեկությունների՝ այս պահի դրությամբ Բարձրագույն խմբի հաջորդ տուրի շրջանակներում երկրպագուների ներկայության վերաբերյալ սահմանափակումը դեռ ուժի մեջ է լինելու, սակայն վերջնական որոշում չկա:

Առայժմ ՀՖՖ-ն ներկայացրել է միայն առաջիկա մի քանի տուրերի խաղացանկը: 19-րդում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմը կխաղա 6-րդի, 2-րդը՝ 5-րդի, 3-րդը՝ 4-րդի դեմ: Աղյուսակի հետնապահներից «Փյունիկն» առանց խաղի կմնա, քանի որ, ըստ տրամաբանության, պետք է մրցեր «Երեւանի» դեմ, որն այլեւս չկա: «Ուրարտուն» կհանդիպի «Գանձասարի» հետ:

Загрузка...